Բյուջեի աջակցության գործողությունների քննարկում Ասիական Զարգացման Բանկի հետ
28.07.2015Ս/թ հուլիսի 29-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը կոմիտեում ընդունեց Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը՝ բանկի գլխավոր տնտեսագետ Հոջ Կոպայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև բանկի փորձագետներ Ջ. Ֆիշերը, Ռ. Ջոնսը և բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը:
Քննարկվեց << ԵԿԱԾ 2. (Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր) Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի առաջարկներ>> նախագիծը: Սույն նախագծով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնցով ապահովվելու է ջրամատակարարման և ջրահեռացման նոր ռազմավարությամբ որդեգրված գործողությունների իրականացումը, ինչպես նաև նախանշվելու են հետագա զարգացումները:
Քննարկման մեջ ներառված էին ֆինանսական, գույքի կառավարման, տեղեկատվական համակարգերի կատարելագործման, ջրամատակարարման և ջրահեռացման նախագծային շինարարական նորմերի վերանայման, ջրահեռացման համար այլընտրանքային տեխնոլոգիաների պիլոտային փորձարկման նոր հնարավորությունների և կարողությունների ձևավորման, բնապահպանական մոնիտորինգի, չհաշվառվող ջրի հետ կապված օրենսդրական և ներդրումային միջավայրի ձևավորման հարցերը:
ՋՏՊԿ-ի գնահատման և ստուգման կարողությունների ամրապնդման, ծախսեր-օգուտներ վերլուծության, կոմիտեի ծախսարդյունավետության և առաջնահերթությունների սահմանման կարողություններ զարգացման, գույքի կառավարման պետական ընկերության ինստիտուցիոնալ համակարգի վերանայման հետ կապված գործողությունների պլանավորումը և հանձնառությունների ստանձնումը առանձնակի կարևորություն ունեն այս խնդիրների համատեքստում:
Ոլորտի զարգացման նկատմամբ համապարփակ այս մոտեցումը առաջընթացի մեծ հնարավորություններ է տալիս, ինչպես նաև ապահովում է ջրային ոլորտի փոփոխման դինամիկան առաջիկա մի քանի տարիների համար: Այս կերպ կոնկրետ ոլորտի զարգացումը, տվյալ պարագայում՝ ջրային տնտեսությունը, խարսխում է համընդհանուր զարգացումների գործընթացի հետ՝ ապահովելով ենթակառուցվածքների կայունություն և միջազգային ինտեգրում:
Կողմերը, բարձր գնահատելով նախատեսվող զարգացումները, փոխադարձաբար արտահայտեցին պատրաստակամություն պարբերական քննարկումների, փոխհամաձայնության դաշտում պլանավորելու և իրականացնելու դեպի նշված նպատակները առաջնորդող գործողություններ: ԱԶԲ-ը հայտնեց իր պատրաստակամությունը, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ, աջակցելու և համակարգում որոշակի ներդրումներ կատարելու:
Ջրային տնտեսության պետական կոմիտե