Աշխատանքային հանդիպում <<Վեոլլա>> կազմակերպության ներկայացուցչի հետ
15.07.2015Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ՋՏՊԿ-ում հուլիսի 16-ին ընդունեց ֆրանսիական <<Վեոլլա>> կազմակերպության միջազգային առաքելության պատասխանատու Ժան Պատրիս Պուարեին: Հանդիպմանը մասնակցում էին նաև <<Երևան ջուր>> ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը և ֆրանսիական ընկերության խորհրդի հետ աշխատանքները համակարգող Արտակ Ալոևը:
Կողմերը փոխադարձաբար գնահատեցին <<Վեոլլա>> /Երևան ջուր – ՋՏՊԿ համագործակցությունը՝ արձանագրելով դրական տեղաշարժեր Երևան քաղաքի և հարակից շուրջ 30 համայնքների ջրամատակարարաման և ջրահեռացման ոլորտում վերջին 10 տարիների ընթացքում:
Կոմիտեի նախագահը ներկայացրեց խմելու ջրի նոր ռազմավարության հետ կապված պետականորեն իրականացվելիք գործողություններն ու հետապնդվող նպատակները՝ կարևորելով հանրությանը մատչելի և որակյալ ջրամատակարարում ապահովելու վերջնարդյունքը: Նա նշեց, որ մեկ օպերատորի ընտրությունը հնարավորություն կտա հանրապետության ողջ տարածքում միասնական սակագնի կիրառման և բարձրորակ ջրամատակարարման: Օրենսդրական փոփոխություններն ու կանոնակարգող փաստաթղթերը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ՋՊՏԿ-ի համագործակցությունը կհանգեցնեն մենաշնորհի կանխմանն ու ռեսուրսների ու համակարգերի արդյունավետ շահագործմանը:
<<Վեոլլայի>> ներկայացուցիչ Ժան Պատրիս Պուարեն ներկայացրեց նման իրավիճակներում եվրոպական մի շարք երկրներում (Ռումինիա, Չեխիա, Բուլղարի) իրենց կուտակած փորձը՝ ճիշտ համարելով կառավարության կողմից ջրի սակագնի գոյացման սոցիալական մոտեցումը:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ևս մեկ անգամ կարևորեց առաջնային խնդիրը, այն է՝ ՀՀ քաղաքացիների սոցիալական և իրավական խնդիրների լուծմանը միտված ռազմավարական դրույթների իրականացում, թափանցիկ գործընթացների կազմակերպում և խմելու ջրի ոլորտում առաջիկայում իրականացվելիք քայլերի միջոցով կայուն զարգացումների երաշխավորում:
Ջրային տնտեսության պետական կոմիտե