Ու՞ՄՆ Է ՍԵՎԱՆԻ ՋՈՒՐԸ
28.04.2015Ոռոգման նպատակով նախորդ տարի Սեւանա լճից վերցված ջուրը ոչ բոլոր դեպքերում է նպատակային օգտագործվել՝ 2014 թվականի տարեկան զեկույցում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Օմբուդսմենը պնդում է, որ Սեւանից ջրի բացթողումը, վտանգելով Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի գոյությունը, շատ դեպքերում չի ծառայել հողատարածքների ոռոգման նպատակին: Նախորդ տարի կառավարությունը Սեւանից բաց էր թողել 270 միլիոն խորանարդ մետր ջուր՝ օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն: Որպես պատճառ՝ կառավարությունը նշել էր սակավաջրությունը եւ Արարատյան արտեզյան ավազանում ջրի պաշարների խիստ նվազումը: Սակայն Կարեն Անդրեասյանը հավաստի է համարում մասնագետների պնդումներն այն մասին, որ 2014թ. ընթացքում եղել են բավարար քանակությամբ անձրեւներ, այսինքն՝ երաշտ ամենեւին էլ չի եղել, պարզապես՝ ջրամբարներն ու ոռոգման համակարգերն արտահոսք են ունեցել: «Ոռոգման համակարգերի բացակայության կամ թերի լինելու պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք զրկված են եղել մի շարք հողատարածքներ մշակելու հնարավորությունից»,- նշված է զեկույցում: Բացի այդ՝ ասվում է նաեւ, թե բնապահպանները կամավորության սկզբունքով կատարել են ստուգայցեր Հայաստանի համապատասխան բնակավայրեր եւ պարզել, որ ջրի մի մասն անցկացվել է առանձին հիդրոէլեկտրակայաններով, իսկ ջուրը տուրբիններից հետո լցվել է գետը եւ հոսել հարեւան երկրներ: Նույն բնակավայրերում, որտեղ ՀԷԿ-երը գործել են Սեւանի ջրով, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանցից բողոքներ են եղել, որ ջուր չեն ստացել եւ ցանքսերը չորանում են:
Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, տնտեսագիտության պրոֆեսոր Մհեր Մկրտումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Օմբուդսմենի զեկույցում նշված պնդումները պարզապես հետեւանք են այն դժգոհությունների, որ նախորդ տարի ջրասակավության պատճառով առաջացել էին համայնքներում: «Ես չէի ցանկանա զեկույցը քննարկել համաձայն լինել-չլինելու տեսանկյունից: Անցած տարի լարված տարի էր, եւ դա հանգեցրեց դժգոհությունների: Ջրասակավ տարի էր: Քանի որ ջրամբարներում եւ գետերում ջուր քիչ կար, սելավային հոսքեր՝ նույնպես, արտեզյան ավազանի մակարդակի նվազման պատճառով նվազել էր նաեւ Սեւջուր գետի մակարդակը, հողի վերին շերտը շատ չոր էր, ապա 20-25 տոկոսով ջրի պահանջարկը ավելացել էր: Այս ամենը ստիպեց, որ Սեւանից շատ ջուր վերցնենք: Բայց այդ ջուրը ուղղվել է բացառապես ոռոգման նպատակի»,- ասաց Մկրտումյանը: Նա փաստ չունի, թե ջուրը գնացել է ՀԷԿ-երին եւ ոչ՝ այգիներին: Այլ բան է, որ Սեւանից վերցրած ջուրն անցնում է Միջազգային էներգետիկ կորպորացիայի ՀԷԿ-երով, ինչպես, օրինակ, Գյումուշով, Քանաքեռով, Երեւանով եւ այլն, եւ այդ ընթացքում էլեկտրաէներգիա է արտադրվում: «Եթե ջրի կինետիկ էներգիան չօգտագործենք՝ մեծ ճոխություն կլինի: Դրանով էժան էլեկտրաէներգիա ենք ստանում: Ուրիշ ՀԷԿ-երի ջուր չի հատկացվել: Եթե կան փաստեր, թող մեզ ասեն, կզբաղվենք: Ես չեմ ցանկանում կտրականապես հերքել որեւէ բան, բայց մենք նման տեղեկություն չունենք»,- պարզաբանեց ՋՏՊԿ աշխատակազմի ղեկավարը:
2014թ. ոչ մի ջրամբար չի կառուցվել կամ վերանորոգվել, այդ պատճառով՝ ջրի կորուստները մեծ են. գրել է Օմբուդսմենը՝ առաջարկելով Գյուղատնտեսության նախարարությանը՝ բարելավել ոռոգման համակարգը, կառուցել նոր ջրամբարներ: Ըստ Մհեր Մկրտումյանի, ոռոգման համակարգում ջրի կորուստը 60-65 տոկոս է: Ջրանցքները բաց հուն ունեն, տեղի է ունենում գոլորշիացում, ֆիլտրացիա, բացի այդ՝ հողեր կան, որ ավազուտային են եւ ջուր շատ են ներծծում: Վերջին հաշվով՝ ոռոգման համակարգը քայքայված է, եւ այս ոլորտը պետության լուրջ ուշադրության տակ է: Բայց ահա ոռոգման ցանցի ընդհանուր երկարությունը 22 հազար կիլոմետր է: Սա հավասար է հասարակածի երկարության ուղիղ կեսին: Կառավարությունը տարեկան մոտ 1 միլիարդ գումար է հատկացնում համակարգի բարեկարգման համար, աշխատանքներ են տարվում նաեւ միջազգային կառույցների եւ բանկերի ներդրումներով: Ըստ Մհեր Մկրտումյանի, նախորդ տարիներին, նորանկախ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ, ջրամբար է վերականգնվել՝ Մարմարիկի ջրամբարը: Մեկնարկել են նաեւ Կապսի, Վեդու, Եղվարդի եւ Մաստարայի ջրամբարների նախագծման աշխատանքները:
Օմբուդսմենը, գյուղատնտեսության ոլորտի դրական զարգացումների մասին խոսելով, նշել է ձկնամթերքի արտահանման աճող ծավալների մասին, որը 2014թ. կազմել է մոտ 2,2 հազար տոննա՝ 400 տոննայով ավելի, քան 2013-ին: Մեր երկրի դեպքում՝ այս զարգացումը տեղի է ունեցել գյուղատնտեսության վնասի հաշվին, եւ ՄԻՊ-ը սրան ուշադրություն չի դարձրել: Նախորդ ամառ, երբ մեկ դույլը ոսկու գին ուներ Արարատի եւ Արմավիրի մարզերի այգիների համար, երբ ջրամբարների ջուրը համայնքներին տրվում էր հերթով, որեւէ ձկնաբուծարան ջրի դեֆիցիտի պատճառով չի փակվել:
Մեր հարցին, թե ձկնաբուծարաններին որտեղի՞ց ջուր երաշտ տարում, Մհեր Մկրտումյանը պատասխանեց, որ Սեւանա լճից որեւէ ձկնաբուծարանի ջուր չի տրվել եւ որ ջրի պաշարներն առաջին հերթին ուղղվում են խմելու եւ ոռոգման նպատակով: «Միգուցե հողատարածքները ջրելուց հետո, այսպես ասած, քամած ջուրը ուղղվել է այլ նպատակներով, միգուցե դրենաժային համակարգերի միջոցով ձկնաբուծարանները ջուր են ստացել: Բայց մենք, Սեւանից ջուր վերցնելով, ձկնաբույծներին չենք տվել: Նման խնդիր չկա»:
Սկզբնաղբյուրը http://www.armtimes.com/ կայքից
« վերադառնալ ցանկ