ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Որոնք են Հայաստանում ջրային ռեսուրսների կորուստների հիմնական պատճառները և դրանց վերացման տեսլականը. ԿԱՐԵՆ ԴԱՂԲԱՇՅԱՆ

11.04.2021

 

 

Որքան ջուր է կորցնում Հայաստանը ոռոգման համակարգում, ինչ քայլեր են արվում ջրակորուստների նվազման ուղղությամբ, ինչ ծրագրեր են քննարկվում արդյունավետ ոռոգում իրականացնելու, կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող ջրի խնդրի լուծման համար, որքան ջրառ է նախատեսված Սևանա լճից այս տարի: Այս հարցերի շուրջ ելույթով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը մարտի 16-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «Ջրային ռեսուրսների ինստիտուցիոնալ կառավարումը կլիմայական քաղաքականության լույսի ներքո» փորձագիտական կլոր սեղանի ընթացքում:

Հայաստանի ոռոգման համակարգում ջրի կորուստները 40-45% են կազմում, որի պատճառների զգալի մասը ներկայում մշակվող մշակաբույսերին չհարմարեցված խորհրդային տարիներից ժառանգություն մնացած համակարգն է, երկրորդը՝ ոչ ճիշտ մշակաբույսերի ընտրությունը, երրորդը՝ 70% հողային հունով հոսող ներտնտեսային համակարգը, չորրորդը՝ ջրման տանելուց առաջ հողը մշակման չտանելու, չփխրեցնելու մշակույթը, ասաց Կարեն Դաղբաշյանը:

«Հաճախ մեղադրում են, որ Ջրային կոմիտեն և ջրառ իրականացնող, ջուր մատակարարող ընկերությունները հետևողական չեն ջրի կառավարման գործում: Սակայն համակարգերը կառուցվել են դեռևս խորհրդային տարիներին և կառուցվել են խոշոր հողատեսքերը ոռոգելու համար: Այսօր կորուստների խնդիրն առաջանում է, քանի որ համակարգը հարմարեցված չէ մասնատված փոքր հողագործություն իրականացնելուն: Դրա համար մենք համագործակցում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ: Շրջանառվում է դաշտերում հողակտորների միացումը, հողերի խոշորացումն ու կոոպերատիվների ստեղծումը, ինչը հնարավորություն կընձեռի ջուրն ավելի հեշտ հասցնել այդ հողատարածքին»,- նշեց նա:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հարցին, թե արդյոք սեփականատերերը կհամաձայնեն այդ ծրագրին, բանախոսը պատասխանեց. «Ունենք 500 մ-ից մինչև 1,5 հա հողատարածք: Յուրաքանչյուր ջրօգտագործող իր ցանկությամբ աճեցնում է մի մշակաբույս, բայց չի հետևում շուկայի պահանջարկին, աճեցնում է մի մշակաբույս, որը տվյալ տարածքի համար սպառում է չափից ավելի ջուր: Խորհրդային տարիներին աճեցվել են այնպիսի մշակաբույսեր, որոնք ավելի քիչ ջրածախսատար են եղել: Իսկ հիմա նույն տարածքում մշակում են լոլիկ, որը 15 ջրման փոխարեն ջրվում է 35-40 անգամ: Այդտեղ ջրի ահռելի կորուստներ ենք ունենում: Ցանկանում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որ ջրօգտագործողն՝ ինքը, ցանկանա անցնել ջրատեխնիկական նոր ջրման տեխնիկայի՝ կաթիլային ոռոգման կամ անձրևացման: Կառուցվելիք Կապսի ու Վեդիի ջրամբարներն այդ փորձնական համակարգերը կունենան: Բաղրամյան-Նոյակերտում համակարգն արդեն կառուցված է, մնացել է կաթիլային համակարգի տեղադրումը: Փորձում ենք ջրային ռեսուրսից վերցված օգտագործվող ջրի մեջ խնայողություն կատարել, ճիշտ կառավարել, որ այդտեղ չունենանք զգալի կորուստներ»:

«Հայաստանում օգտագործվող ջրերի գերակշիռ մասն այսօր օգտագործվում է ոռոգման նպատակով: Հայաստանն ունի շուրջ 17 հազար կմ երկարությամբ ոռոգման համակարգ՝ ջրագծեր ու ջրանցքներ, որոնցից 450 կմ-ը մայր ջրանցքներն են, 2000 կմ-ը միջտնտեսային ջրագծերը, շուրջ 14 հազար կմ-ը՝ ներտնտեսային ջրանցքները: Այդ 14 հազար կմ համակարգի 70 և ավելի տոկոսը հողային հուն է, որտեղ ընկնում է մեր կորստի առյուծի բաժինը: Ունենք 250-260 մեխանիկական ջրարտադրության միջոցներ՝ 700 ագրեգատներով և Արարատյան դաշտում շահագործում ենք 94 ինքնաշատրվանող հորատանցք»,- նշեց նա:

Անդրադառնալով 2020թ. Սևանա լիճ մուտք գործած ջրաքանակին և այս տարի Սևանից իրականացվելիք ջրառին՝ Կարեն Դաղբաշյանն ասաց. «Մենք կարողացել ենք նախորդ տարի Արփա-Սևան երկու թունելներով Սևան տեղափոխել շուրջ 210 միլիոն խմ ջուր, և նախորդ տարվա համեմատ 9 սանտիմետրով Սևանի մակարդակի բարձրացման մեջ մի փոքր ներդրում էլ Ջրային կոմիտեն ունի: Ինչ վերաբերում է Սևանա լճից այս տարի իրականացվելիք ջրառին, ապա փորձելու ենք չանցնել 170 միլիոն խմ-ի շեմը: Հուսով ենք, որ այդ խնդիրը չենք ունենա»:

Կարեն Դաղբաշյանը նշեց, որ առկա է ջրային կորստի երկու դրսևորում՝ մեկը ռեսուրսից վերցված ջրի կորուստն է, որը կարող է համակարգի ոչ ճիշտ կառավարման, մաշվածության հետևանքով տեղի ունենալ և երկրորդը՝ հանրապետությունում ձևավորվող ջրային ռեսուրսի կորուստն է: «Հայաստանի տեղադիրքն այնպիսին է, որ Աղստև, Դեբեդ, Արփա, Որոտան և Արաքս գետերը հոսում են հարևան երկրներ, և ձևավորվող ջրերի ընդամենը 2,5 միլիարդն ենք մենք կարողանում օգտագործել: Պետք է մեր ջանքերն ուղղենք ջրամաբարաշինության ու պոմպակայանների ծրագրերին: Այսօր Արարատյան դաշտում դրենաժային համակարգերից շուրջ 1,6 միլիարդ ջուր է դուրս գալիս, որը գրեթե խմելու որակի ջուր է: Միգուցե, համակարգ դնենք, որ ջուրը նորից ներքևից բարձրացնենք վերև սեզոնին մեր ջրանցքներով ժողովրդին ջուր տալու համար»,- ասաց նա:

Ըստ Կարեն Դաղբաշյանի՝ ներկայումս Ջրային կոմիտեի պետական սեփականության ներքո է գտնվում 69 ջրամբար, որոնցից 14 խոշորը շահագործվում են «Ջրառ» ընկերության, մնացածը՝ մարզային ջրօգտագործող ընկերություննների կողմից: «Նշված ջրամբարներով հնարավորություն ունենք ամբարելու շուրջ 1,2 միլիարդ խմ ջուր, սակայն կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքով ջրամբարներում հավաքվում է 950 միլիոն խմ ջուր: Գրեթե բոլոր ջրամբարներում ջրաքանակը պակասել է: Մեծ խնդիր ունենք Ախուրյան-Արաքս թևի ջրամբարում: 2019-2020թթ. լուրջ խնդրի առաջ կանգնեցինք, որովհետև Թուրքիան իր ստեղծած համակարգի շնորհիվ կարողանում է ամբարել մեզ հասնող ջուրը, և Թալինի և Արմավիրի վերին շրջանների տարածաշրջանները կանգնել են ջրի խնդրի առաջ, քանի որ այլ ջրաղբյուրներն այնտեղ չկա»- նշեց բանախոսը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի այն հարցին, թե արդյոք միջազգային օրենսդրությամբ այդ խնդիրը չի կարող կարգավորվել, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն արձագանքեց. «Թուրքիան Ջրի միջազգային համաձայնագիրը չի ստորագրել: Այդ լծակը չի կարող կիրառվել»:

Ինգա Զարաֆյանը հարցրեց, թե ներկայումս Հայաստանում որքան ոռոգելի ու փաստացի ոռոգվող հողատարածք է առկա: Ի պատասխան Կարեն Դաղբաշյանն ասաց. «Կադաստրային ոռոգելի տարածքը 194 հազար 796 հեկտար է: Դրանցից ջրօգտագործող ընկերությունների սպասարկման տարածքում 151 հազար հեկտար է: 2020թ. փաստացի ոռոգվել է 85 հազար հեկտարը»:

Կլոր սեղանի մասնակիցները հետաքրքվեցին, թե որն է հողերի չոռոգման պատճառը: Ըստ Ջրային կոմիտեի ներկայացուցչի՝ պատճառները տարբեր են: «Ունենք 27 հազար հեկտար ոռոգելի հողատարածք, որը չի ոռոգվում սեփականտիրոջ բացակայության պատճառով, կամ սեփականտերն ուրիշ գործունեություն է ծավալում: Կան հողատարածքներ, որտեղ ջրի պակասուրդ է լինում: Մենք հավաքագրված ջուրը կարողանում ենք 3-4 անգամ տալ, բայց իրեն 6-7 անգամ է պետք: Ջրի դեֆիցիտը հաճախ տանում է ոչ արդյունավետ գյուղատնտեսության, ստիպված չեն մշակում»,- նշեց նա: Ըստ նրա՝ ջրօգտագործման համակարգերի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է կատարել 3-4 միլիարդ դրամի ներդրում և համակարգում գլոբալ փոփոխություն իրականացնել:

Դիանա Հարությունյանը նշեց. «Մենք պետք է փոխենք մեր մոտեցումները: Միգուցե, ավելի ճիշտ է սուբսիդավորել արդյունքը, ոչ թե ջրօգտագործումը, այսինքն՝ բերքի նկատմամբ սուբիսդավորում լինի: Նույնը վերաբերում է ոռոգման գիշերային ռեժիմին անցնելուն: Եթե գիշերային լույսի սակագինն ավելի էժան է, նույնը կարող է լինել ջրի համար և խթան հանդիսանալ գիշերային օգտագործման համար: Կարելի է մարդկանց վերաբերմունքը ջրի նկատմամբ փոխել՝ չվտանգելով, սակայն, պարենային անվտանգությունը, այլ խելամիտ ձևով տնտեսական գործիքներ կիրառել: Այդպիսի տնտեսական գործիքների առումով մտայնություններ կա՞ն»,- հարցրեց նա: Արձագանքելով՝ Կարեն Դաղբաշյանն պատասխանեց, որ Ջրային կոմիտեն ռազմավարության մշակման փուլ է մտել: «Տարբեր գործիքներ ենք ուսումնասիրում: Սակագնային լողացող տարբերակները քննարկումների փուլում են: Նախատեսվում է, որ սեփական կարիքների համար աշխատող հողագործների համարի ջրի այլ սակագին կգործի, բիզնեսի համար՝ այլ»,- նշեց նա:

Անդրադառնալով ջրանցքների և պոմպակայանների միջոցով գիշերային ոռոգում իրականացնելու հնարավորությանը՝ Կարեն Դաղբաշյանը նշեց, որ հնարավոր չէ համակարգը ջրանջատել-միացնել, քանի որ համակարգի երկարությունը 50 և ավելի կմ է: «Եթե ջուրը միացնեն գլխամասում, ջրօգտագործողին կհասնի 12 ժամ, այդ դեպքում ևս ունենում ենք մեծ կորուստներ: Անընդհատությունը պահպանելու համար առաջարկել ենք ՀՀ կառավարությանը 32-օրյա կարգավորման ջրամբարներ կառուցել, որոնք գիշերային ժամերին չօգտագործված ջուրը կամբարեն և ցերեկային ժամերին կմատակարարեն ջրօգատործողներին: Բացի այդ, կորուստների դեմ պայքարի համար համակարգում տեղադրել ենք 130 «SCADA» օն-լայն ջրաչափական սարքավորում: Կարողանում ենք համակարգչի միջոցով հետևել մատակարարվող ջրի հոսքին: Արդեն 2100 ջրաչափերի մոնտաժման, նախագծման աշխատանքներ ենք սկսել, որպեսզի համակարգերում, բաժանարար գետերում այդպիսի համակարգ ունենանք: Այս ծրագիրը շարունակական է:

«Հայջրնախագիծ» ինստիտուտի հետ ուսումնասիրել ենք փոքր և միջին ջրամբարաշինության ծրագիրը: Ներկայում շրջանառության մեջ ունենք 16 ջրամբարների կառուցման ուսումնասիրություն և առաջարկություն ՀՀ կառավարությանը, որպեսզի գումարներ հայթայթվեն, և կառուցվեն դրանք: Ներկայում կառուցվում է 29 միլիոն խմ ծավալով Վեդիի ջրամբարը: Եթե ամեն ինչ հաջող լինի, հաջորդ տարի շինարարությունը կավարտվի: Շուտով կսկսվի 25 միլիոն խմ ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը, որը հետագա բանակցությունների արդյունքում հնարավոր է, որ դառնա 60 միլիոն խմ»,- նշեց նա:

Կարեն Դաղբաշյանն ընդգծեց, որ Ջրային կոմիտեն ամեն ինչ անում է, որպեսզի գլոբալ տաքացման արդյունքում ջրօգտագործողի շահը չտուժի:

«Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը հարցրեց. «Արդյո՞ք տնտեսական վերլուծություն արված է, թե որ համակարգում է արդյունավետ և նպատակահարմար հիմնական ներդրումներն ուղղելու: Հին համակարգում նոր ջրամբարների ծրագիրը որքանո՞վ է ուղղված ջրախնայողությանն ու հարմավողականությանը: Պետք է հիմնավորված լինի ուղղվածությունը: Երբ ջրամբարը կառուցում ենք և ջուրը մղում ենք մաղ դարձած ցանց, այդ դեպքում այդ համակարգում առաջնային է ջրատար համակարգի բարելավումը: Ծրագիրն առաջադրելու ժամանակ ձեր կողմից հաշվի առնվո՞ւմ է դա, թե՞՝ ոչ»: Կարեն Դաղբաշյանը նշեց, որ ներքին կորուստները գումար լինելու դեպքում կարող են կարգավորել. «Կորած ջուրը մեր ընդերքն է գնում, խոնավացնում այն: Գումար լինելու դեպքում կմտածենք համակարգի բարելավման մասին: Այսօր այդ ջրամբարներից երկուսը Արգիճի և Աստղաձոր ջրամբարներն են, որոնք Մարտունիում են կառուցվում: Այնտեղ լուծում ենք Սևանից ջրառ վերցնող երեք պոպմակայանի լիկվիդացման և մանրաձկան ոչնչացման խնդիրը: Եթե կառուցենք Ելփինի ջրամբարը, Արփա գետի ողջ ջրերը կարող ենք ամբարել և հարևաններին մեր խաղը թելադրել»,- նշեց Կարեն Դաղբաշյանը:

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը հարցրեց, թե կան միջոցառումներ գերնորմատիվային հողերն ավելի արդյունավետ օգտագործելու համար: Կարեն Դաղբաշյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ աշխատանքներ են տարվում, որ ջրօգտագործողներն իրենց կամքով հողատարածքները դարձնեն կաթիլային ոռոգման համակարգով աշխատող և աճեցնեն այնպիսի մշակաբույսեր, որոնք ջրի նկատմամբ ավելի պահանջկոտ չեն: «Արդյունքներն անպայման տեսանելի կդառնան»,- ասաց նա:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ