Փլուզված ջրանցքը ոռոգման մեկնարկի շեմին վերականգնվել է ամբողջությամբ
16.06.2016Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքին եւ Վաղաշեն գյուղին ոռոգման ինքնահոս ջուր մատակարարող լեռնային բարդ տեղանքով անցնող ջրանցքը եւ այն սպասարկող ճանապարհը, որի մի հատվածը փլուզվել էր նախորդ տարվա աշնանը, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության շինարարների ուժերով վերականգնվել է ամբողջությամբ եւ, հունիսի 15-ից սկսած, պատրաստ է վերագործարկման:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց «Մարտունի» ՋՕԸ նախագահ Թաթուլ Կարապետյանը, վերականգնման աշխատանքներն իրականացվել են պետական միջոցներից ընկերությանը տրված դրամաշնորհի հաշվին այս տարվա մայիսի 28-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Վերականգնման եւ ջրանցքի 6 կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքներում ներգրավվել է 10 միավոր տեխնիկա, մինչեւ 30 բանվոր: Աշխատանքներն իրականացվել են բարձրաբերձ լեռան թեքության վրա, ծովի մակարդակից մոտ 2900 մետր բարձրությամբ, ուր ջրանցքը ձգվում է 6 կլիոմետր երկարությամբ: Ամբողջությամբ վերականգնվել եւ լայնացվել է նաեւ ջրանցքը սպասարկող ճանապարհը, որը միաժամանակ ծառայում է նաեւ երկու համայնքների յայլաղատեղերում գտնվող անասնապահական տնտեսություններին: «Հեղեղների հետևանքով ջրանցքը եւ ճանապարհը փլուզվել էին մոտ 30 մետր երկարությամբ եւ մի քանի մետր խորությամբ: Անանցանելի էր դարձել յայլաղատեղեր տանող ճանապարհը, անօգտագործելի՝ տասնյակ կիլոմետրեր ձգվող ինքնահոս ջրանցքը: Երկու շաբաթվա ընթացքում մեր շինարարները, ովքեր ուն են փլվածքները վերականգնելու տարիների փորձ, կարողացան վերականգնել ջրանցքի ու ճանապարհի փլուզված հատվածը: 800-միլիմետրանոց երկաթյա խողովակ տեղադրվեց փլված հատվածում 74 մետր երկարությամբ, ճանապարհի փլված մասում կատարվեց 500 խորանարդ մետր ծավալով հողաքարային լիցք, լայնացում, գաբիոնապատում ու հարթեցում: Հարթեցվել է նաեւ ջրանցքն ու յայլաղատեղեր տանող ճանապարհը մի քանի կիլոմետր երկարությամբ: Ջրանցքի վերականգնումն ու մաքրումը մեզ հնարավորություն են տվել ինքնահոս եղանակով 400 լիտր վայրկյան հզորության ոռոգման ջուր մատակարարել Մարտունի եւ Վաղաշեն համայնքներին՝ ոռոգում ապահովելով մոտ 370 հեկտար ցանքերում: Սրանով մենք կկարողանանք կրճատել մեխանիկական ոռոգումը՝ խնայելով ահագին քանակությամբ էլեկտրաէներգիա: Միաժամանակ տարիների ընթացքում վերացրել եւ վերացնում ենք ջրանցքի՝ փլվելու ենթակա հատվածները, ապահովում ենք դրա անխափան աշխատանքը, որը նաեւ արոտի շրջանում խմելու ջրի միակ միջոց է հանդիսանում Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր եւ Գեղհովիտ համայնքների անասնահոտերի համար»,-ներկայացրեց Թաթուլ Կարապետյանը:
Վաղաշենի գյուղապետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի ներկայացմամբ՝ «Հեսրի առու» կամ «Մանասի առու» կոչվող ջրանցքի վերականգնումը կենսական նշանակություն ուներ իրենց համայնքի համար: «Մեր ոռոգման ջուրը հիմնականում այդ ջրանցքն է ապահովում, այդ ճանապարհը մեր յայլաղատեղը սպասարկող միակ ճանապարհն է, որոնց վերականգնումը դուրս էր համայնքի բյուջեի հնարավորություններից: Բնակչությունը մտավախություն ուներ, որ ոռոգման սեզոնն այս տարի կարող է դիմավորել դժվարություններով, սակայն «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության շինարարները կարողացան ամեն ինչ ավարտել բարեհաջող ու ժամանակին, ինչը շատ կարեւոր էր թե ոռոգման մեկնարկի, թե անասունների արոտի շրջանում»,- նշեց համայնքի ղեկավարի տեղակալը:
« վերադառնալ ցանկ