Մեկ միասնական օպերատոր ունենալու դեպքում 570 համայնքների բնակիչների համար ջուրն այլևս ճոխություն չի համարվի
15.06.2016Հայաստանի մարզերի և Երևանի ջրամատակարարմամբ ներկայումս զբաղվում են հինգ ընկերություններ, «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ները:
Եվ յուրաքանչյուր օպերատոր առաջարկել է իր սակագինը: Ամենաթանկ ջրամատակարում իրականացնում է «Նոր-Ակունքը»՝ 203 դրամ, ամենացածրը՝ «Երևան Ջուրը»` 171 դրամ: Այս հինգ օպերատորների հետ պետությունը իրականացնում է կառավարման երկու մոդել։
Միայն «Երևան Ջուրն» է, որ աշխատում է վարձակալական հիմունքներով։ Այսինքն՝ ընկերությունը գումար է վճարում ու ծառայություններ մատուցում, իսկ մյուս 4-ի պարագայում պետությունն է գումար վճարում կառավարում իրականացնելու ու ծառայություններ մատուցելու համար: Այս պարագայում նման կառավարումն արդարացված չէ:
HayNews.am-ի հետ զրույցում Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշում է, որ այս կառավարման մոդելի ոչ արդյունավետ կառավարումը հանգեցրեց նրան, որ 2017թ խմելու ջրի և ջրամատակարարման համակարգերը կունենան մեկ միասնական օպերատոր:
Արդեն մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել չորս հեղինակավոր կազմակերպություններ՝ ֆրանսիական «Վեոլիան» և «Սաուռոն», իտալական «Աչորան», ինչպես նաև գերմանական երեք և մեկ տեղական կազմակերպությունից բաղկացած կոնսորցիումը: Այս ընկերությունները անցել են արդեն նախաորակավորման փուլը:
Մատակարարող ընկերությունները պետք է միավորվեն մեկ միասնական օպերատորի շուրջ, որը 15 տարի ժամկետով վարձակալելու է Հայաստանի ջրամատակարարման համակարգերը: Մրցութային կարգով ընտրված կազմակերպությունն էլ պետք է այդ տարիների ընթացքում կատարի 37 մլրդ դրամի ներդրում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` մեր երկրում շուրջ 570 բնակավայրեր ընդգրկված չեն կենտրոնական ջրամատակարարման սպասարկման տարածքներում: Ավելի պարզ` այս տարածքներում խմելու ջրագծեր չկան, մարդիկ կամ դույլով ջուր են կրում գյուղում գտնվող, ասենք, միակ աղբյուրից կամ տակառներով ջուր են գնում:
Մեկ միասնական օպերատոր ունենալու դեպքում ջրամատակարարման համակարգի մաս կկազմեն նաև այս 570 համայնքները ու ջուրը այս բնակիչների համար այլևս ճոխություն չի համարվի: