Ամանորին ընդառաջ պարտադիր լողում եմ Սեւանա լճում. Հարցազրույց Արամ Հարությունյանի հետ
08.01.2016
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն Ամանորին ընդառաջ պարտադիր լողում է Սեւանա լճում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանն ընդգծեց, որ ձմռանը Սեւանա Լճում լողալը սովորույթ է դարձել դեռ ծառայության տարիներից:
Ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ:
Մեր սերնդի երիտասարդության տարիները համընկան անցումային, հետո նաեւ անկախացման շրջանի հետ: Բնականաբար, ես էլ, ընկերներս էլ չէինք կարող անմասն մնալ մեր երկրում տեղի ունեցող որեւէ իրադարձությունից: Ես իմ տեսակով պրակտիկ, իրատես մարդ եմ ու ցանկացած իրավիճակից ելք որոնել չեմ խուսափում: Այդպես եղավ եւ քաղաքականության պարագայում, փորձեցի համալրել երկիրը դժվար իրավիճակից դուրս բերողների շարքերը ու հետո մնացածը գնաց, ինչպես որ պետք է գնար…
Պարոն Հարությունյան, արդեն 16 տարի է՝ քաղաքականության մեջ եք: Ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվել այս տարիներին քաղաքական դաշտում:
Քաղաքականության մեջ փոխվել է հենց բուն քաղաքականությունը, ինչը չի կարող չանդրադառնալ քաղաքական դաշտի վրա: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում ու մի երկրում, երբ անհնար է աշխարհում կատարվող իրադարձություններին, հատկապես գերլարված վիճակին անհաղորդ մնալ: Ուստի մեր քաղաքական դաշտը պետք է հենց այս համատեքստում դիտարկել, ընդ որում հստակ կարողանալ պատասխանել ռիսկայնության բոլոր պատճառներին եւ դրդապատճառներին: Դրական զարգացումները, երկխոսության հարթակների ստեղծումը, որոշ հարցերում հանդուրժողականության դրսեւորումները մեր քաղաքական իրականության այս 16 տարվա ձեռքբերումներից են:
Պատգամավոր, նախարար, մարզպետ, այսօր արդեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ... ո՞ր աշխատանքն էր Ձեզ առավել հոգեհարազատ: Ո՞ր պաշտոնն էր ձեր խառնվածքին համապատասխան:
Ցանկացած աշխատանք, որն այդ պահին վստահվում է ինձ ու, որի շնորհիվ ես կարող եմ իմ լիազորությունների սահմաններում իրավիճակ շտկել, մեր երկրում ինչ-որ բան լավացնել, արդեն իսկ պարտավորեցնող է: Յուրաքանչյուր գործ, չնայած իր հանրային ու հրապարակային ընկալման, ունի իր ներքին, խոհանոցային բարդությունները: Ես աշխատող մարդ եմ, իսկ աշխատանքի հոգեհարազատության մասին երեւի կսկսեմ մտածել շատ ավելի ուշ, այն տարիքում, երբ մարդիկ սովորաբար սկսում են հուշեր գրել:
Ինչպիսի՞ն է Արամ Հարությունյան ամուսինը, հայրը, ընկերը: Ասում են՝պաշտոնյաները տանն այլ մարդ են դառնում, երբ փողկապով չեն:
Թե ինչպիսին եմ ես, կարող են ասել հենց իմ հարազատները, ընկերները: Ես միայն ասեմ, որ իմ գտածը երբեք չեմ կորցնում, ունեմ մանկության ընկերներ, աշխատանքային, բանակի, որոնց հետ մշտական կապը երբեք չեմ ընդհատում: Ինչ վերաբերում է ընտանիքիս, (ժպտում է եւ լռում-հեղ.), ընտանիքն ինձ համար ամենապատասխանատու ձեռքբերումն է: Միշտ փորձում եմ պահել խիստ հոր ու հոգատար ընկերոջ բալանսը: Այ, տղայիս հարցում դա մի փոքր չի հաջողվում: Երեւի նրանից է, որ տղայիս ու աղջիկներիս տարիքային տարբերությունը բավական մեծ է: Նա 11 տարեկան է, ինչ-որ չափով հիշեցնում է իմ մանկությունը, իհարկե փորձում եմ ուղղորդել, միասին արշավների ենք գնում, ձիավարության, քննարկում ենք ամեն ինչ, ինչն, իմ կարծիքով, կարող է հետաքրքրել այդ տարիքում: Իմիջիայլոց, հակումներ ունի էքստրեմալ սպորտաձեւերի հանդեպ, շատ է սիրում սպորտային մեքենաներ, տեսնեք, հետո նախասիրություններից որ մեկը կդառնա մշտական:
Նշում ենք ամենաընտանեկան տոնը: Կա՞ն ամանորյա ավանդույթներ, որոնք Արամ Հարությունյանը միշտ պահպանում է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, ֆինանսական հնարավորություններից:
Ամանորին ընդառաջ սիրում եմ լինել Սեւանա Լճում: Լճում մի տեղ կա, որ մենակ ես գիտեմ, վերջերս արդեն որդիս էլ է տեղյակ: Բանակից մնացած սովորություն ունեմ, սիրում եմ ջարդել լճի սառույցն ու լողալ: Ժամանակի առումով, եթե հնարավոր է լինում սառը ջրում լողալը ձմռանը մի քանի անգամ եմ կրկնում: Նոր տարուց առաջ սակայն պարտադիր եմ լողում, երեւի հաջորդ տարին առողջ լինելու խորհրդանշական մոտեցումս է: Ի դեպ, դրան մեծ ֆինանսներ պետք չեն՝ բենզին, բահ եւ լապտեր:
2015թ.-ն ինչո՞վ էր առանձնանում ձեր եւ ձեր ընտանիքի համար:
Ընդհանուր առմամբ լավ տարի էր, փոփոխություններով ու զարգացումներով: Ամանորի սեղանի շուրջ երեւի կհիշենք, թե ինչ հասցրինք, ինչը մնաց հաջորդ տարի իրականացնել, այս պահին դժվարանում եմ որեւէ նշանակալի բան մտաբերել:
2016թ.-ի համար Ձմեռ պապիկից ի՞նչ եք խնդրել Հայաստանի եւ Հարությունյանների ընտանիքի համար:
Ձմեռ Պապիկին չհավատալու հիմքերը շատ են, ուստի ես Աստծուն եմ խնդրում, որ խաղաղ, կայուն եւ բարեբեր տարի լինի, մեր երկրի, մեր ժողովրդի համար: Մեր ընտանիքն էլ երկրի մի մասնիկն է...
Սկզբնաղբյուրը՝ www.news.am կայք:
« վերադառնալ ցանկ