Ջրային կոմիտեում քննարկվել են Երևանի ոռոգման ջրամատակարարման հարցեր
24.07.2018Մայրաքաղաքի ոռոգելի տարածքների ջրամատակարարումն իրականացնում են «Երևան» և «Կոտայք» ՋՕԸ-ները:
Հաշվի առնելով երևանյան ոռոգման առանձնահատկությունները, Ջրային կոմիտեում այսօր ՋՕԸ-ների, «Ջրառ» ՓԲԸ, քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել են ոռոգման շրջանի մի շարք խնդիրներ:
ՋՕԸ աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը հայտարարել է, որ ընկերությունները իրենց կողմից սպասարկվող Երևանյան լճից սկիզբ առնող ջրանցքների գլխամասային հանգույցները պետք է շահագործեն այնպես, որ բնապահպանական որևէ խնդիր չհարուցեն: Մասնավորապես, Երևանյան լճից ջրառը չպետք է անցնի թույլատրելի շեմը, որն առնվազն 1.5 մ խորությունն է: Հակառակ պարագայում լճի ափամերձ հատվածներին ճահճացում կսպառնա, ինչը պետք է բացառվի:
Կարեն Դադոյանը հիշեցրել է, որ «Երևան» և «Էջմիածին» ՋՕԸ-ները պետք է փոխհամաձայնեցված գործեն և «Ջրառ» ՓԲԸ-ի հետ մշտապես օպերատիվ տվյալներ փոխանակեն, որպեսզի երկու ընկերությունների սպասարկման տիրույթներում ոռոգման ջրի պահանջարկը բավարարվի՝ առանց Երևանյան լճին վնասելու:
Մայրաքաղաքի կանաչ գոտիների պատշաճ ոռոգումն ապահովելու համար պետք է ջրաշրջանառություն կատարվի Երևան քաղաքի կանաչապատում իրականացնող կազմակերպությունների միջև, որի պարագայում ևս փոխկապակցված ընկերությունները պետք է համագործակցեն, գրաֆիկի համաձայն սպասվելիք ջրանջատումների մասին տեղյակ պահեն նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը:
Կոմիտեի ներկայացուցիչը քննարկման մասնակիցներին հորդորել է գործընթացում ծագող խնդիրներին տեղյակ պահել, դրանց արագ լուծում տալու և ջրամատակարարման խափանումներից խուսափելու նպատակով:
« վերադառնալ ցանկ