ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
11.09.2014ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների վարչության հանրային կառավարման, ֆինանսական ոլորտի և առևտրի բաժնի ղեկավար Եշիմ Էլհան-Քայալարի գլխավորությամբ:
Կոմիտեի նախագահը ողջունեց հյուրերին և նշեց, որ Ասիական զարգացման բանկը Կոմիտեի լավագույն գործընկերներից է, որի հետ ունեն երկար տարիների արդյունավետ համագործակցության փորձ: Վահե Հակոբյանը բարձր գնահատեց Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը՝ շեշտելով իրականացվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կպահպանվի և ընթացիկ ծրագրերը կշարունակվեն:
Տիկին Եշիմ Էլհան-Քայալարը շնորհավորեց Վահե Հակոբյանին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ արդյունավետ համագործակցությունը ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ կլինի շարունակական: Տիկին Քայալարը կոմիտեի նախագահին ներկայացրեց նաև վարկային ծրագրի ուղղությունները և նշեց, որ հայաստանյան ջրային ոլորտի փորձը ցանկանում են կիրառել նաև այլ երկրներում: