Հարկ կա վերանայել իրականացվող վարկային ծրագրերի առաջնային նպատակահարմարությունը. ՋՏՊԿ նախագահ
19.11.2016«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ներդրման արդյունքում արդեն իսկ հնարավոր կլինի խնայել 2 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա:
ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ընթացիկ արդյունքները ներկայացրեց Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, ծրագրի թիմի ղեկավար Ուինսթոն Յունը:
Բացի այդ, խոսելով ՀԲ-ի ֆինանսական մասնակցությամբ իրականացված մյուս ծրագրերի մասին, Ու. Յունն ասաց, որ մեխանիկական ոռոգման ջուր տեղափոխող հեռացնող ջրանցքների վիճակի բարելավան արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել ջրակորուստները՝ շուրջ 24 մլն մ³-ով:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ ոլորտում բազմաթիվ ծրագրեր իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսական մասնակցությամբ: Մինչ այս կատարված աշխատանքները հույս են ներշնչում, որ ՀԲ-ի հետ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ է լինելու, սակայն հարկ կա վերանայելու ոլորտի առաջնահերթությունները.
«Հարկ կա ազատվել կրկնվող ֆունկցիաներ իրականացնող կառույցներից, ինչպես նաև՝ վերանայել մի շարք ծրագրերի իրականացման առաջնային նպատակահարմարությունը՝ ավելորդ վարկային բեռից խուսափելու համար»,- ասաց նա:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ ընդունում են ՋՏՊԿ նախահագի մոտեցումը: Համատեղ իրականացված ծրագրերից առանձնացնելով Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարությունը, Ու. Յունն ասաց, որ նախագիծը վերափոխվել է՝ հաշվի առնելով Գողթ համայնքի բնակիչների դիտողությունները: Փոփոխված ծրագրի արդյունքում հնարավոր է եղել որոշակի գումար տնտեսել, որով, հնարավոր է, ջրահեռացման ջրագիծ կառուցվի, որի մասին խնդրել են Գողթի բնակիչները:
« վերադառնալ ցանկ