Հանրային վստահությունն արդարացնելը պետք է աշխատանքի սկզբունք դառնա. Ա. Հարությունյան
17.11.2016Արդեն այսօրվանից պաշտոնապես գրանցվել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որն առաջիկա 15 տարիների ընթացքում կիրականացնի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում խմելու ջրի միասնական օպերատորի պարտավորությունները:
Այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում ասաց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության փոխնախագահ Արևելյան Եվրոպայի գծով, Հայաստանի ծրագրի պատասխանատու տիկին Մալիկա Գենդուրին:
Նա նշեց, որ նախորդ տարիներին ընկերության իրականացրած գործունեությունը Երևան քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում կարևոր փորձ է, որի արդյունքները տեսանելի են ոչ միայն ընկերության, այլև Երևանի բնակիչների համար: Ջրամատակարարման տևողության ավելացումը, ջրակորուստների նվազեցումը և ջրի որակի վերահսկելիության բարձրացումը միայն մի քանիսն են համատեղ ձեռքբերումներից.
«Մեզ հաջողվել է համատեղ ջանքերի միջոցով Երևանի գրեթե ողջ տարածքում ջրամատակարարումը շուրջօրյա դարձնել՝ ապահովելով ջրի բարձր որակ: Կարծում եմ՝ սա լավ հիմք է փոխվստահելի համագործակցությունն ընդլայնելու համար՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր համայնքները»,- նշեց Մ. Գենդուրին:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ողջունեց «Վեոլիա Ջուր» ընկերության ստեղծումը և հույս հայտնեց, որ Երևանում իրականացված աշխատանքների արդյունքում ձեռքբերված հանրային վստահությունը ոչ միայն կօգնի նոր ընկերության գործունեությանը, այլև՝ պարտավորեցնող ազդակ կլինի.
«Հաշվի առնելով ընկերության հարուստ միջազգային փորձը, ինչպես նաև՝ տեղական գործունեության բավականին լավ անցյալը, կարծում եմ՝ համագործակցությունն արդյունավետ կլինի: Սակայն, ուզում եմ խնդրել, որպեսզի ընկերությունում մշակվեն շատ խիստ մեխանիզմներ՝ գործունեության հաշվետվողականության և հատկապես՝ գնումների գործընթացները հնարավորինս պարզ և թափանցիկ դարձնելու համար: Հանրային վստահությունն արդարացնելը պետք է աշխատանքի սկզբունք դառնա»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նշենք, որ արդեն մոտ օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության հետ կկնքվի խմելու ջրի համակարգի 15 տարվա վարձակալության պայմանագիրը:
« վերադառնալ ցանկ